Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին

Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանի նախագահի խոսքով, հումանիտար, վերականգնողական ու պատմամշակութային հուշարձանների պահպանման կարիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավար ելույթի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ու հումանիտար խնդիրները լուծելու համար։

Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին

Նա հիշեցրել է, որ նոյեմբերին հաջողվել է հասնել եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությանը, որը, մեծ հաշվով, հետևողականորեն իրականացվում է։

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենագլխավորն է, հասնել կրակի լիակատար դադարեցմանն ու սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության ու իհարկե՝ հակամարտության կարգավորմանը մասնակից երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի դադարեցնի ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում։

«Մենք ձգտել ենք հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա «համագործակցության լավ օրինակ է»։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ի՞նչ ճակատագիր կունենան Ադրբեջանի տիրապետության տակ անցած պատմամշակութային հուշարձանները

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: