Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ

Դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավորի պաշտպանների միջնորդությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ

Լևոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը:

Սարգսյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի` ավազակության, և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։ Նա հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2019 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սարգսյանին ձերբակալել են Մոսկվայում։

Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: 2019 թ.–ի մայիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի` «Ալրաղացի Լյովիկի» թիկնազորն էլ, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ.-ի մարտի 1–ի ցույցերը ճնշելուն։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ