Հայաստանում տոների թիվը կավելանա. ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ին նշել հարկ վճարողի օրը

ՊԵԿ նախագահի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2020թ-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ՊԵԿ է դիմել ՀՀ 256 հարկատու, բավարարվել են 140-ի դիմումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ը Հայաստանում նշել որպես հարկ վճարողի օր: Այս առաջարկով այսօր կառավարության նիստում հանդես եկավ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ–ը խոստանում է` բիզնեսը դուրս կգա 2020-ի դժվար իրավիճակից. ինչ փոփոխություններ են եղել

Այս կերպ, նրա խոսքով, ՀՀ օրինապահ հարկ վճարողների համար պետությունը կստեղծի գործունեության բարենպաստ պայմաններ:

Իսկ հարկահավաքությունը և հարկատուների օրինական վարքը խթանելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տոնից բացի նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր տրամադրել հարկերը ժամանակին ու ամբողջությամբ վճարող հարկատուներին:

«Օրինապահ համարվող հարկ վճարողի չափանիշները կսահմանվեն կառավարության որոշմամբ: Առաջին անգամ նախատեսվում է հարկ վճարողի գնահատման չափանիշներում ներառել նաև արտաքին տնտեսական գործունեության՝ արտահումների և ներմուծումների ժամանակ հարկատուի կողմից՝ հարկային օրենսդրության պահանջների կատարումը»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ 2020թ-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ՊԵԿ է դիմել ՀՀ 256 հարկատու, բավարարվել են 140-ի դիմումները: 2019թ-ի համեմատ՝ Հայաստանում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկատուների թիվն աճել է 50%-ով:

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ