Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ իշխանությունը կորոշի չգնալ արտահերթ ընտրությունների

ԱԺ փոխնախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում այսօր առկա է քաղաքական ճգնաժամ, ու այն լուծելու համար իշխանությունը որոշել է ժողովրդին հնարավորություն տալ ևս մեկ անգամ ընտրություն կատարելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Անգամ եթե իշխող «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այն միևնույն է կմնա քաղաքականության մեջ ու կմասնակցի հաջորդ ընտրություններին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հնարավոր պարտության մասին հարցին:

Ինչ փաստաթուղթ են ցույց տվել Ալեն Սիմոնյանին Մոսկվայում եռակողմ հայտարարությունից առաջ

«Շատ ավելի կարևոր է, որ մեր երկրում ավանդույթ ձևավորվի՝ իշխանությունն արդար ընտրություններով ձևավորելու, որպեսզի պարզ լինի, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը և ոչ թե ինչ-որ անձինք՝ իրենց կաբինետներում կայացրած որոշումների միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը, սակայն, արձանագրեց, որ Հայաստանում այսօր առկա է քաղաքական ճգնաժամ, որը լուծելու համար իշխանությունը որոշել է ժողովրդին հնարավորություն տալ ևս մեկ անգամ ընտրություն կատարելու: Նրա պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը համաձայն է հրաժարվել պաշտոնից՝  Սահմանադրությամբ նախատեսված տարբերակով՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ անընդմեջ ԱԺ-ի կողմից չընտրվելու:

«Փաշինյանը համաձայն է այդ սցենարին, բայց համաձայն է արդյո՞ք ընդդիմությունը: Նրանք համարում են, որ վարչապետը չպիտի ընտրություններ անցկացնի: Բանն այն է, որ Սահմանադրությամբ նախատեսված երկու տարբերակում էլ վարչապետը շարունակելու է ժամանակավորապես իրականացնել իր պարտականությունները։ Ահա թե ինչու  խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններն այս տարբերակներին չեն համաձայնում»,- ասաց փոխխոսնակը:

Ինչ կտան երկրին շտապ արված ընտրությունները. նախկին պատգամավորը` իրավիճակից ելքերի մասին

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ քաղաքական ուժերը նման դեպքում կփորձեն խորհրդարանի ներսում իրականացնել այն, ինչ նրանց չհաջողվեց անել փողոցում:

«Այսինքն՝ մի խումբ մարդիկ խորհրդարանում կփորձեն անցկացնել ինչ-որ մեկի թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չհարցնելով ժողովրդի կարծիքը»,- ասաց նա:

Այս պարագայում, ըստ ԱԺ փոխնախագահի, իշխող կուսակցությունն իրավունք ունի որոշելու` գնում է արտահերթ ընտրությունների, թե ոչ:

«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան

Խոսելով ընդդիմության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ կիսում է իր կուսակից գործընկերոջ՝ պատգամավոր Արփի Դավոյանի այն տեսակետը, թե Հայաստանի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունն է:

«Այո, Հայաստանի համար դա այսօր իրոք մեծ խնդիր է, քանի որ ընդդիմությունը ժողովրդին չի ներկայացնում: Այն ներկայացնում է մի շարք նախկին պաշտոնյաների շահերը: Բայց կա մարդկանց մի ստվար զանգված, որոնք չեն սիրում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը: Մարդիկ մեծ ընտրություն չունեն. կա իշխանություն, որը նրանց որոշակի պատճառներով չի բավարարում ու կա ընդդիմություն, որը նրանց առավել ևս չի բավարարում: Այս է պատճառը, որ մենք ընդդիմության խնդիր ունենք, ընդդիմությունը որպես այդպիսին, չկա»,- ասաց Սիմոնյանը:

«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք, բայց ես առաջադրվելու եմ». Էդմոն Մարուքյան

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։