ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հարցով իրանական կողմի հետ երկխոսության խորացմամբ։
«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները, և իհարկե կարելի է քննարկել այն իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Զարիֆը Սերգեյ Լավրովին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է հակամարտությանը վերջ դնելու կապակցությամբ։
«Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ հակամարտությունը տեղի էր ունենում մեր և ձեր հարևանությամբ, սրում էր իրավիճակը, և այնտեղ մարդիկ էին զոհվում։ Ես կարծում եմ, որ այդ հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր հնարավորության վերածելու հնարավորություն կա։ Իմ շրջագայության նպատակներից մեկն է մշակել հնարավորություններ, որոնք բխում են Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածություններից», - ասել է Զարիֆը։
Իրանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո ասել է, որ Իրանն աշխարհագրորեն մյուսներից ավելի մոտ է հակամարտության վայրին և այդ ընթացքում անկայունություն է եղել նաև իր սահմաններին:
«Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա:
Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «հսկայական ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ լուծում գտնվեց՝ շատ նման այն լուծմանը, որը մենք էինք առաջարկում։ Եվ որ այն բերվեց գործնական հարթություն»,-ավելացրել է Զարիֆը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են