ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ` հունվարի 25–ին, պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակ Մանե Գևորգյանին ներողություն խնդրել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործերով մեղադրվող Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյան ընտանիքի փաստաբանական խումբը։
Ըստ հաղորդագրության` Մանե Գևորգյանը 2020-ի ապրիլին Facebook-ի իր էջում գրել էր, որ Գագիկ Խաչատրյանը որդիների հետ կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ են ղեկավարում։
«Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին հնչեցված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց ու հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց», – գրված է հաղորդագրությունում։
Համաձայն դատավճռի` մինչև հունվարի 30-ը Մանե Գևորգյանը պետք է իր էջում գրառում կատարի` նշելով, որ վարչապետը ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից իր կատարված գրառման համար, ինչպես նաև հավելի, որ իր գրված արտահայտությունները իրականությանը չեն համապատասխանում: Դատավճռում ասվում է, որ եթե Գևորգյանի էջում հնարավոր չլինի նման գրառում տեղադրել, ներողության տեքստը պետք է տպագրվի առնվազն 5.000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում։
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
Խաչատրյանները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի. Փաշինյանից կգանձվի 8.000 դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի և 500.000 դրամ որպես Խաչատրյանների փաստաբանի վարձատրություն:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից և մեկ ամիս ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց։