Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Դավիթ Գալստյանի, նույն ինքը «Պատրոն Դավիթի» վերաբերյալ կազմված քրեական գործերը մեկնաբանել չի ցանկանում։ Ասում է` տեղեկությունները շատ են, այս պահին դժվար է բոլորը վերլուծել։ Իսկ ահա նախապատերազմյան շրջանում զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով ասելիք կա։ Նրա դիտարկմամբ, այն բավականին բարդ խնդիր է և ամենևին էլ մեծ աղմուկ հանած ՍՈւ-30-երով չի սահմանափակվում։
«Մի շարք ուղղություններով կան բավականին լուրջ բացթողումներ, որոնք եղել են մինչև պատերազմը և ձևավորվել են վերջին 10-15 տարվա ընթացքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով`պատերազմը ցույց տվեց, որ օդուժը, որը ժամանակակից պատերազմների կարևորագույն բաղադրիչներից է, Հայաստանը չի զարգացրել։ Թեպետ 2018-ից այդ բացը լրացնելու փորձեր արվել են, սակայն, փաստ է, որ այդ հարցում Հայաստանը զիջում էր Ադրբեջանին։
Իսկ թե որքանով էր ճիշտ այդքան թանկարժեք ՍՈւ-30-եր գնել այն դեպքում, երբ կոնֆլիկտը շատ մոտ էր, ըստ փորձագետի, այն բավականին լուրջ հարցեր է առաջացնում։ Բայց պատերազմը ցույց տվեց, որ բանակը նաև էժանագին ու պարզունակ միջոցների խնդիր ուներ, որոնք պատերազմի շեմին կանգնած երկրում պետք է առաջնահերթ լուծում ստանային։
«Անհատական պաշտպանության միջոցներ, քնապարկերի հայտնի պատմությունը, հակատանկային միջոցներ. ցանկը բավականին երկար է, էլի կարելի է թվարկել։ Տրամաբանական կլիներ այդ լոկալ ու ավելի էժան հարցերը լուծել, հետո ամբիզցիոզ ՍՈւ-30-երին անցնել»,- նշեց Հարությունովը։
Հետպատերազմյան շրջանում բոլորին հուզող կարևորագույն հարցերից մեկը`երբ և ով պետք է պատասխան տա, մնում է օդում կախված. այն ենթադրում է որոշակի հետաքննություն, մինչդեռ ո՛չ գործողները, ոչ էլ ընդդիմադիրները իշխանության գալու դեպքում ի զորու չեն օբյեկտիվ քննություն անցկացնել։
Ուզում եք լսել, ուրեմն բռնվեք... բանակի սպառազինությունների թեման բորբոքվում է նոր թափով
Փորձագետի դիտարկմամբ` մի դեպքում գործ կունենանք կողմնակալության, երկրորդ դեպքում`հաշվեհարդարի հետ, մինչդեռ այդ հետաքննությունը ոչ այնքան պատասխանատվության առումով է կարևոր, որքան խնդիրների վերհանման, դրանք շտկելու ճանապարհները նախանշելու համար։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է հանրային ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձած բազմաթիվ հարցեր, խոսել պատերազմում կրած պարտության, դրա հետևանքների ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին։