ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի երրորդ օրը եղավ Սպահանում։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը։
Տեղեկության համաձայն` կայացել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Սպահան կատարած այցի շրջանակներում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններ:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան:
Հիշեցնենք՝ Քերոբյանը Թեհրան է մեկնել հունվարի 22-ին և կվերադառնա ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։ Նա արդեն հանդիպել է իրանահայ գործարարների հետ։
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Քերոբյանի գլխավորած պատվիրակությունում են նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։