Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ

Քերոբյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների ներկա ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող հնարավորություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր՝ Թեհրան կատարած այցի ժամանակ հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիին։ Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման ուղիները։ Տեղեկությունը հայտնում է իրանահայ լրագրող Սահակ Շահմուրադյանը Facebook-ի իր ում։

Հոսեյնին անդրադարձել է պողպատի, կենցաղային իրերի, ավտոմեքենաների և սննդի արդյունաբերության ոլորտներում Իրանի հնարավորություններին` նշելով, որ երկրի արդյունաբերական և ծառայությունների ոլորտների ընկերությունները պատրաստ են զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը:

Քերոբյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների ներկա ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող հնարավորություններին։

Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան

«Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելով, հնարավոր կլինի շրջանցել պատժամիջոցները և երկկողմ առևտրի ծավալը տարեկան 400 միլիոն դոլարից հասցնել մեկ միլիարդ դոլարի», - ասել է Քերոբյանը։

Նա նաև ասել է, որ հայ գործարարները պատրաստ են աջակցել Իրանից Ռուսաստան արտահանման գործընթացին:

Հիշեցնենք՝ Քերոբյանը Թեհրան է մեկնել հունվարի 22-ին և  կվերադառնա ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։ Նա արդեն հանդիպել է իրանահայ գործարարների հետ։ Քերոբյանի գլխավորած պատվիրակությունում են նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի հայ գործարարների հետ