ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-ի էջը։
Նշվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր:
«Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների», - գրված է հաղորդագրությունում։
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:
Հիշեցնենք՝ Քերոբյանը Թեհրան է մեկնել հունվարի 22-ին և կվերադառնա ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։ Նա արդեն հանդիպել է իրանահայ գործարարների հետ։
Հնարավոր է շրջանցել պատժամիջոցները. որ ոլորտներում է Իրանը պատրաստ համագործակցել ՀՀ-ի հետ
Քերոբյանի գլխավորած պատվիրակությունում են նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։