Եվս 30 զինծառայողի աճյուն է ադրբեջանական կողմը փոխանցել հայկական կողմին

Տեղեկացվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի –Sputnik. Ադրբեջանական կողմը երեկ` հունվարի 23–ին, հայկական կողմին է վերադարձրել ևս 30 զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն աճյունները փոխանցել են հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:

«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը

«Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով։ 2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել»,–գրել է նա:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Տեղեկացվում է, որ հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:

Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները

Իսկ այսօր փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում: