Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային։ Տեղեկությունը հայտնում է Sport-Express-ը։
24-ամյա Ծառուկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Սա նրա երրորդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հունվարի 24-ին Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Պատճառն այն է, որ Ծառուկյանը չի տեղավորվել հայտավորված միջին քաշային կարգում՝ 1,5 կգ ավելի քաշի պատճառով։ Իսկ Հակպարաստը չի ներկայացել պաշտոնական կշռմանը։
Մինչ այդ էլ նրա մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։ Երրորդ հայտարարված մրցակիցն արդեն Մեթ Ֆրեվոլան էր, ում էլ հայազգի մարտիկը հաղթեց։
Նշենք, որ 24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 18 մենամարտ, որոնցից 16-ում հաղթել է և պարտվել ընդամենը 2-ում։
UFC 257 մրցաշարի նախնական փուլում կայացել է ևս երեք մենամարտ: Ամերիկացի Բրեդ Տավարեշը միջին քաշային կարգում հաղթել է Անտոնիո Կարլոս Ջունիորին, ամերիկուհի Ջուլիաննա Պենյան թեթեւքաշային կարգում առավելության է հասել հայրենակից Սառա Մաքմենի նկատմամբ, լեհ Մարչին Պրախնոն էլ կիսածանր քաշային կարգում հաղթել է ամերիկացի Հալիլ Ռոունտրիին։ Մրցաշարի գլխավոր գոտեմարտում կմրցեն Քոնոր Մաքգրեգորը և Դասթին Պորյեն: