ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Նիգերիացի ծովահենների կողմից Գվինեական ծոցում թուրքական նավի զավթման ժամանակ ադրբեջանցի է սպանվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հայտնի է, որ ծովահենների զոհ է դարձել մեխանիկ Ֆարման Իսմաիլովը։ Անձնակազմի մյուս անդամները` 15 նավաստի, պատանդ են վերցվել։ Բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց թվում վիրավորներ կան։
Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` ծովահեններն ազատ են արձակել անձնակազմի երեք անդամի, այդ թվում նավապետներից մեկին` Ֆուրկան Յարենին։ Նրան հաջողվել է կապ հաստատել թուրքական կողմի հետ և պատմել, որ ծովահեններն իրենց նավի վրա ապամոնտաժել են գրեթե բոլոր նավիգացիոն սարքերը, և այժմ ինքը գրեթե կուրորեն է ղեկավարում նավը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Էրդողանն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Յարենի հետ։
Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և հանձնարարել է միջոցներ ձեռնարկել առևանգված նավի անձնակազմին փրկելու համար:
Ավելի վաղ Dryad Global ընկերությունը, որը զբաղվում է ծովային անվտանգությամբ, հայտնել էր, որ ծովահենները Գվինեական ծոցում հարձակվել են Լիբերիայի դրոշի ներքո ընթացող թուրքական Mozart բեռնատար նավի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Տոմե քաղաքից 98 ծովային մղոն հեռավորության վրա (181 կմ)։
Միջազգային ծովային բյուրոյի զեկույցում Գվինեական ծոցը համարվել է 2020 թվականի աշխարհի ամենավտանգավոր տարածքներից մեկը ծովագնացության համար։ 2020 թվականին գրանցվել է ծովահենության և նավերի վրա զինված կողոպուտի 195 դեպք: Սա 30 դեպքով ավելի է, քան գրանցվել էր մեկ տարի առաջ: Այդ թվում նավի առևանգման երեք դեպք, ինչպես նաև գնդակոծման 11 և հարձակման 20 փորձ: Անցած տարվա ընթացքում ծովահենները 161 նավ են առևանգել: Նման միջադեպերի աճի պատճառը Գվինեական ծոցում և Սինգապուրի նեղուցում աճող ծովահենությունն է: