ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր լուսադեմին Աշոցքում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -35 աստիճանի։ Facebook-ի իր էջում նման գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք»,–գրել է Սուրենյանը` հղում կատարելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին։
Ինչպես միշտ, օգտատերերը բուռն են արձագանքել Սուրենյանի գրառմանը։
«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել ա եսիմ ուր», գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր էլ «սև հումոր» է արել` գրելով, որ լուրի մասին, հավանաբար, հայտնել է Աշոցքում ողջ մնացած վերջին մարդը, որը լուրը հայտնելուց հետո սառել է տեղում։
Մեկ ուրիշն էլ բողոքել է տան ջերմաստիճանից` գրելով.
«է հա, նենց ա, որ մեր տունն էլ հիմա -35°C ա»։
Հիշեցնենք, որ ցուրտ եղանակն առաջիկայում մի փոքր կմեղմանա. օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։