ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 22-ին, որոնողական աշխատանքների արդյունքում իրենց տան բակերում սպանված հայտնաբերված երեք քաղաքացիներն էլ հրաժարվել էին լքել իրենց տունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:
Երեկ հայտնաբերվել էր Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ 55-ամյա Սերժիկ Ավագյանի, 80-ամյա Յուրիկ Առուշանյանի և Դրախտիկ գյուղի բնակիչ` 50-ամյա Մարինե Հայրապետյանի դիերը։
«Երեք դիերն էլ անճանաչելի են եղել։ Սերժիկ Ավագյանին ճանաչել են զինվորական հին համազգեստից, որը սովորաբար կրում էր, Յուրիկ Առուշանյանին`վերնահագուստից, իսկ Մարինե Հայրապետյանն առաջին կարգի հաշմադամ էր` սայլակից են հասկացել, որ նա է։ Սակայն ԴՆԹ փորձաքննություն էլ կիրականացվի»,–ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով` վերոհիշյալ երեք անձինք էլ պնդել են, որ իրենց տունը լքել չեն պատրաստվում և ընտանիքի անդամների հորդորին չեն ենթարկվել։ Օրինակ` Սերժիկ Ավագյանի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել այդ օրերին, սակայն ինքը հրաժարվել է դուրս գալ տնից։ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը քրոջ հետ էր բնակվում, և նա նույնպես չի համաձայնել դուրս գալ գյուղից:
Նշենք, որ սպանված հայտնաբերված 3 քաղաքացին համարվում էին անհետ կորած։
Հիշեցնենք` Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ։
Զոհված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ։
Որոնողական աշխատանքները վերսկսվել են. փրկարարները Դրախտիկում ու Ջաբրայիլում են