ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Պարգև Օհանյանը նշված թեկնածուների մասին դրական կարծիք հայտնեց` նշելով, որ երկուսն էլ փորձառու են, հատկապես Ջհանգիրյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե նախկինում ինչպիսին էին կառույցի գործառույթները և արդյո՞ք այն չէր ծառայում օրվա իշխանություններին, Օհանյանն ընդգծեց, որ դեռ առաջին նախագահի օրոք կառույցը կոչվում էր Արդարադատության խորհուրդ, որտեղ կար մեծ թերություն, այն է` Արդարադատության խորհրդի նախագահը նույն ինքը Հայաստանի հանրապետության նախագահն էր և բնականաբար կառույցը գտնվում էր նախագահի ազդեցության ներքո. ինչպես նա ցանկանար, այնպես էլ կլիներ։
«Դրանից հետո զուտ իրավաբանորեն տեղի ունեցավ դրական տեղաշարժ, իսկ վերջին սահմանադրական փոփոխություններից հետո կառույցը կոչվեց Բարձրագույն դատական խորհուրդ։ Այն ավելի անկախ է, որովհետև գործադիր իշխանության գործոնը չկա, կազմում հինգ դատավորներ և հինգ գիտնականներ են։ Բայց մյուս կողմից ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա և ապագայում ինչ խոսք չեն բացառվում ազդեցություններ։ Ամեն ինչ կախված է հենց դրանից, թե որքանով անկախ կլինի այդ կառույցը։ Համենայնդեպս, ուղղակի կախվածություն գործադիրից չունի, այլ հարց է, որ նշանակվելու է քաղաքական մեծամասնություն կազմող և գործադիր մարմինը ձևավորած մարմնի կողմից»,– նշեց «Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։
Օհանյանի դիտարկմամբ` 2018 թվականին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո դատական համակարգի վրա եղան ճնշումներ, և ոմանք հրաժարական տվեցին, նրանց փոխարեն նշանակվեցին նորերը, ըստ նրա` իշխանահաճո անձինք։
«Փաստ է, որ այստեղ հիմա անձերն այդքան դեր չեն խաղում, որքան խորհրդի, այդ պետական մարմնի անկախությունը, որը միշտ էլ խոցելի է։
ԲԴԽ բոլոր անդամներն իրենց արժանիքներով հանդերձ` կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, ինչն իհարկե կազդի խորհրդի որոշումների վրա։ Այլ հարց է, թե 10 անդամներից քանիսը կենթարկվեն ազդեցության, քանիսը կլինեն օբյեկտիվ, քանիսը՝ սուբյեկտիվ։ Մի խոսքով` անսխալական մարդիկ և կառույցներ չկան»,– նշեց նախկին դատավորը։
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ թեկնածու Դավիթ Խաչատուրյանը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, ունի «Գրին քարտ» և ցանկացած պահի կարող է մեկել ԱՄՆ՝ մշտական բնակության, Օհանյանը հակադարձեց` նշելով, որ ՀՀ նախագահն էլ առողջական կարիքից դրդված` այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, ուստի ինչ հիմնավոր կասկածներ կարող են լինել նման դեպքերում։
«Չի կարելի այդպես». Ջհանգիրյանը դեմ է Գերագույն և կոռուպցիոն դատարանների ստեղծմանը
Նախկին դատավորը հորդորեց նման բաների հետևից չընկնել` ընդգծելով, որ Սորոսի հիմնադրամի մասին իր սուբյեկտիվ կարծիքն ունի, բայց հույս հայտնեց, որ Բաց հասարակությունների հիմնադրամը կամ ուղիղ ասած` Սորոսը չի ազդի մեր Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վրա, հատկապես հաշվի առնելով, որ ԲԴԽ–ն կոլեգիալ մարմին է ու 1-2 ձայնով չի որոշումներ ընդունում։
Հավելենք, որ այսօր ԱԺ-ում ԲԴԽ 2 անդամի ընտրություններ են։