Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են

Սուլթանովը ականի վրա պայթել է ապագա երկաթուղու համար նախատեսված տեղամասի ականազերծման աշխատանքների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակիցը Ջաբրայիլի տարածքում պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքում բուլդոզերավար է պայթել ականի վրա

Ականի պայթյունից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ANAMA–ի 47–ամյա աշխատակից Ազեր Սուլթանովը։

Ինչպես հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը, Սուլթանովը ականի վրա պայթել է ապագա երկաթուղու համար նախատեսված տեղամասի ականազերծման աշխատանքների ժամանակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք` երեկ` հունվարի 21–ին էլ զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։

Ավելի վաղ Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքում ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը։ Ադրբեջանցին մահացել էր ստացած ծանր վնասվածքներից։

Տեղեկացրել էինք նաև, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Իսկ 2020–ի նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։