Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ

Ֆրանսիայի դեղամիջոցների անվտանգության ազգային գործակալությունը կարծում է՝ հիմք չկա կարծելու, թե տարեց մարդկանց մահերը կապված են պատվաստանյութ ընդունելու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ֆրանսիայում Pfizer ու BioNTech ընկերությունների  պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների 135 դեպք է գրանցվել։ Ինը տարեց մարդ մահացել են պատվաստում ստանալուց հետո, սակայն  պատվաստման ու մահվան դեպքերի կապը հաստատված չէ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դեղամիջոցների անվտանգության ազգային գործակալությանը։

Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը

Նշվում է, որ 135  անցանկալի կողմնակի ազդեցությունների մեծ մասը «համահունչ է ակնկալվող կամ ոչ լուրջ հետևանքների» հետ։ Մասնավորապես՝ պատվաստում ստացած մարդիկ բարձր ջերմություն, գլխացավ կամ սրտխառնոց ունեն։ Ընդհանուր առմամբ, լուրջ կողմնակի ազդեցության 31 դեպք է գրանցվել, դրանից չորսը տախիկարդիայի դեպքեր են։

«Այդ ծանր դեպքերի թվում գրանցվել է ինը մահ։ Նրանք ծերանոցներում ապրող տարեց մարդիկ էին, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեին, ու բուժումը ծանր էր անցնում։ Հաշվի առնելով այսօր ունեցած տվյալները՝ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե մահվան այդ դեպքերը կապ ունեն պատվաստման հետ»,- նշված է գործակալության հայտարարության մեջ։

Պատվաստման գործընթացը Ֆրանսիայում մեկնարկել է դեկտեմբերի 27-ին։ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում արդեն 823 հազար մարդ պատվաստում են ստացել։ Հանրապետությունում COVID-19-ի 3 միլիոն դեպք է գրանցվել, մոտ 72 հազար վարակակիր մահացել է։

«Pfizer» պատվաստանյութը գրանցելու համար կարգավորիչի վրա ճնշում է գործադրվել. Le Monde

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ Pfizer ու BioNTech ընկերությունների պաստվաստանյութի ազդեցությունը  տարեց մարդկանց մահվան դեպքերի վրա ապացուցված չէ ու կոչ էր արել շարունակել օգտագործել այդ ընկերությունների արտադրանքը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Pfizer-ով պատվաստվելուց հետո Նորվեգիայում 23 մարդ է մահացել, իսկ 13 իսրայելցու մոտ դիմային նյարդի կաթված է եղել։ Իռլանդիայի առողջապահության նախարարությունը ավելի քան 80 հաղորդագրություն է ստացել պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին։