ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորման հարցում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։ Դեսպանը շեշտեց նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։