Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

Փորձագետները Հայաստանի ղեկավարությանը քննադատում են Շուշիի հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան պատերազմի համատեքստում Շուշիի թեման կրկին բուռն քննարկումների թեմա դարձավ հայկական մեդիատիրույթում։ Եվ այդ բանավեճերի համար կրկին դրդապատճառ դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը։

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Նա նշեց, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Փաշինյանը հարց ուղղեց. «90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Պետք է նշել, որ Փաշինյանը մի կարևոր փաստ «անտեսեց»` Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ ( նույնիսկ 90% ադրբեջանական բնակչության դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում` բոլորովին այլ բան։ Դրանք միմյանցից արմատապես տարբերվող սցենարներ են` տարբեր աշխարհաքաղաքական հետևանքներով, որի մասին Հայաստանի ղեկավարությունն առանձնապես չի սիրում խոսել։ Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն ամեն գնով ձգտում է Շուշիի կորստի համար դիվանագիտական ու ներքաղաքական արդարացում գտնել։ Հատկանշական է, որ վարչապետի ելույթից ընդամենը մեկ ժամ առաջ նույն ԱԺ–ի ամբիոնից ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Շուշին հայկական մշակույթի կենտրոն էր անվանել։

Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով

«Մեզ համար Շուշին եղել է, կա և կմնա մեր սրբավայրերից մեկը, քաղաք, վայր, որը մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակույթի, մեր ցավի, մեր երազանքների կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Կարծում եմ` այդ հարցին նման պատասխան տալն արդեն այլ մեկնաբանություններ չի էլ պահանջում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ի պատասխան այն հարցի, թե ինչպես են Ստեփանակերտում վերաբերվում Շուշիի հետ կապված ներհայաստանյան քննարկումներին։

Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանն էլ խոսեց ՀՀ վարչապետի` Շուշիի քաղաքական հանձնումն արդարացնելու համակարգային քայլերի մասին։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

«Այն, ինչ ասում ու անում է կառավարության ղեկավարը, այլ կերպ, քան ադրբեջանական շահերի առաջխաղացում չես անվանի։ Սա առաջին անգամը չէ։ Նոյեմբերին հայտարարություններ եղան «դժգույն ու դժբախտ Շուշիի» մասին, իսկ այսօր մենք խոսակցություններ ենք լսում 90% ադրբեջանական բնակչության մասին։ Փաշինյանն ամեն կերպ ուզում է ամրապնդել ներկայիս ստատուս քվոն, որն առաջացել է վերջին պատերազմի հետևանքով», – մեզ հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա` նույնիսկ եթե պատերազմից առաջ Շուշիի բնակչության 90%–ն ադրբեջանցիներ են եղել, ի՞նչն էր խանգարում նրանց հանգիստ ապրել ԼՂ կազմում։ Բայց դա այն դեպքում, եթե այդ մարդիկ իսկապես վերադառնային Շուշի։

«Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ադրբեջանցիների այդքան համատարած վերադարձ չէր լինի Շուշի, եթե քաղաքը մնար հայերի վերահսկողության տակ։ Նախ` բնակֆոնդը չէր բավականացնի այդ քանակի քաղաքացիներ տեղավորելու համար։ Երկրորդ` Շուշիում առաջին պատերազմից առաջ ապրող ադրբեջանցիների մեծ մասը վաղուց արդեն բնակություն է հաստատել Ադրբեջանում, Եվրոպայում, հետխորհրդային տարածքում և այլն։ Ոչ ոք չէր տեղափոխվի Շուշի», – ասաց քաղաքագետը։

Վարչապետի հայտարարությունը զարմացրել է նաև գրող, հրապարակախոս և «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանին։ Ըստ նրա` Շուշիում հայերի բազմադարյա ներկայության հետքերի, մշակույթի և պատմության մեծաթիվ հուշարձանների առկայությունը հաշվի առնելով` «Շուշին հայկակա՞ն է» հարցադրումն ադրբեջանական պատվերի է նման։ Շուշիի հայկական լինելը աչք է զարնում հենց առաջին հայացքից` հաշվի առնելով վեհաշուք Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Կարապետյանը համարում է, որ Շուշին կանխամտածված են հանձնել։

«Երբ նայում ենք տեղանքի ռելիեֆին ու քարտեզին, հասկանում ենք, որ ադրբեջանցիներն այդքան հեշտ չէին կարող գրոհել ու վերցնել քաղաքը։ Լավագույն դեպքում կարող էին քաղաք ներթափանցելու փորձ անել թշնամու առանձին, փոքր ջոկատներ։ Բայց հայկական հրետանին հեշտությամբ կարող էր ոչնչացնել նրանց, ինչը, ըստ էության, չի արվել», – ասաց նա Sputnik Արմենիային։

Միևնույն ժամանակ հրապարակախոսը դժգոհում է, որ Հայաստանի նախորդ իշխանությունները նույնպես պատշաճ ուշադրությունը չեն դարձրել քաղաքի զարգացմանը, նրա ճարտարապետական տեսքի վերականգնմանը։

Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Շուշիի ժողովրդագրական պատկերը, պատմական որոշ տվյալներ ներկայացնենք։ Ըստ Անդրկովկասյան երկրամասի բնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալների` 1886 թվականին քաղաքում 26,8 հազար մարդ է բնակվել։ Հայերի թիվը մոտ 15,1 հազար է եղել (56,6 տոկոս), կովկասյան թաթարներինը՝ 11,5 հազար (43,3 տոկոս), ռուսները, պարսիկներն ու այլ ազգությունների ներկայացուցիչների թիվն աննշան է եղել։ Արդեն 1916 թվականին Շուշիի բնակչության թիվը հասել է մոտ 44 հազարի, որից 22 հազարը հայեր էին, 18 հազարը` կովկասյան թաթարներ։ 1920 թվականին տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով քաղաքում ավելացավ ադրբեջանցիների թիվը, որովհետև հայ բնակչությունը ոչնչացվեց կամ արտաքսվեց Շուշիից։ Ղարաբաղյան հակամարտությունից առաջ` 1988-ին, Շուշիում մոտ 20 հազար մարդ էր ապրում, բնակչությանը 90 տոկոսը ադրբեջանցիներ էին։