Ինչո՞ւ ազատվեց աշխատանքից Նարինե Թուխիկյանը

Լրատվամիջոցներում տարբեր վարկածներ են պտտվում ԿԳՄՍ փոխնախարարի` անսպասելիորեն աշխատանքից ազատման վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանի (Խաչատուրյանի)` երեկ աշխատանքից ազատման վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Մասնավորապես, «Հրապարակը» գրում է, որ Թուխիկյանի ազատմանը նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Իսկ թեման նախօրեին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։ Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։

Երկու փոխնախարար է ազատվել աշխատանքից

«Պարզվում է՝ միջադեպը և փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը»,–գրում է թերթը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Թուխիկյանից: Թերթը գրում է, որ Թուխիկյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որևէ աշխատանք չէր իրականացվում:

«Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ պատերազմի ավարտից հետո էլ Թուխիկյանը եղել է այն անձանցից, որ իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուխիկյանի կատարած աշխատանքից նախարարությունում դժգոհություն է առաջացել նաև նոր նախարարի նշանակումից հետո, ինչի համար էլ նրան ազատել են աշխատանքից»,–գրում է «Ժողովուրդը»։

Մշակույթի ոլորտում ավերմունքի աստիճանը չէի պատկերացնում. Նարինե Թուխիկյան

Ի դեպ, Yerkir.am-ը պարզել է, թե ով է Նկարիչների միության տանը ԿԳՄՍ մշակույթի գծով արդեն նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանին «դավաճանների իշխանության ներկայացուցիչ» անվանած կինը։ Ըստ կայքի` այդ կինը արվեստի և մշակույթի գործիչ Սվետլանա Հովակիմյանն է, որը 1996 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի օգնականն է եղել։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ որոշելով գործադիրում աշխատել: Հունիսի 11-ին էլ նա փոխնախարար էր նշանակվել։