ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը, որոնցում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Զեկույցի այդ հատվածը ներկայացրել է «Արմենպրեսը»։
Բանաձևում խիստ քննադատվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը և այդ կապակցությամբ կոչ է արվել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:
Եվրախորհրդարանը բանաձևով ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Բանաձևի 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուց: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:
Բանաձևում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:
Կոչ է արվում պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց
Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը` պնդելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։