Այսքան տեխնիկայի դեպքում դժվար է երևակայել, որ վիճակը Երևանում կլիներ կաթվածային. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է մայրաքաղաքում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած դժվարությունների, մաքրման աշխատանքներում քաղաքապետարանի թերացումների և այլ խնդիրների մասին։ 
Sputnik

Դավիթ Խաժակյանի դիտարկմամբ` փողոցների մաքրման աշխատանքներն իսկապես տեսանելի չեն և դա հետաքրքիր է զուտ այն առումով, որ հիմա քաղաքապետարանն ունի ավելի մեծաթիվ տեխնիկա, որը քանակապես գերազանցում է նախկինում «Սանիթեքի» ունեցած տեխնիկային։

«Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքապետարանում կառավարչական իմաստով ունեն խնդիրներ, այսինքն` այն ճանապարհները, որոնցով պետք է անցնեն մեքենաները, այն հաճախակիությունը, որը պետք է նախապես ֆիքսված լիներ, ըստ էության հայտնի չէ։ Բայցևայնպես, փաստն այն է, որ այս քանակի տեխնիկայի առկայության պարագայում դժվար է պատկերացնել, որ կարող էին առաջանալ նման խնդիրներ և իրավիճակը մայրաքաղաքում կլիներ կաթվածային»,– նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի կարծիքով` մյուս կողմից ակնհայտ է, որ սառույցը հալեցնող առկա միջոցների հետ կապված որակական խնդիրներ կան, որովհետև քաղաքը վերածվել է սահադաշտի ու տպավորություն է առաջացել, որ խնայել են միջոցներն ու ձեռք բերել այնպիսի նյութեր, որոնք սառույցը չեն հալեցնում։

«Ձնամաքրումը որոշ հատվածներում էֆեկտիվ չէ». քաղաքապետարանում բողոքում են վարորդներից

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ չի զարմանա, եթե պարզվի, որ առանձին մեքենաներ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով` չեն շահագործվել, ինչը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից թաքցվել է։

Խաժակյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև մայրաքաղաքում ապօրինի շինարարության դեպքերին, կոմունալ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հաճախակի դարձած բացակայություններին ու նրա գործունեությանն առնչվող վերջին սոցիոլոգիական հարցումներին։ 

Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները