Մահացել է Ստեփան Թոփչյանը

Ստեփան Թոփչյանը գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին է, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հայրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. 84 տարեկան հասակում մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ստեփան Թոփչյանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանի հայրն է։

Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։

Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը

1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1966 թ.-ին պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։

Ստեփան Թոփչյանը 1967 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում: Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը:

Ստեփան Թոփչյանը հեղինակ է հարյուրավոր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում:

Հավելենք, որ Ստեփան Թոփչյանը գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին է, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հայրը: