«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան

Վարչապետն ասաց, որ դեռևս ոչ մի կառավարության օրոք մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, իսկ ընդդիմությունը գերիների հարցը շահարկում է քաղաքական միավորներ ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վրդովված արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի` գերիներին վերաբերող հարցին։

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին

Պատգամավորը նշեց, որ Փաշինյանը Մոսկվա էր գնում` հայտարարելով, որ առաջնահերթություններում գերիների վերադարձի հարցն է, բայց այս ուղղությամբ մենք որևէ ձեռքբերում չունեցանք։ «Սա ապացուցում է, որ դուք այլևս Հայաստան և Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլևս պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց Գորգիսյանը։

Նա Փաշինյանին հարցրեց` ինչու չի հեռանում իշխանության ղեկից, որպեսզի կարող ուժերը գան ու բանակցությունները շարունակեն հնարավորինս հայանպաստ ուղղությամբ։

«Վերջին 7-8 տարիներին Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում։ Պարզ է, որ հիմա գերիների թիվը մեծ է, բայց դեռևս երբեք այդքան մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, քան նոյեմբերի 9-ից հետո։ Ինչո՞ւ երկար տարիներ ԱԺ-ում չի հնչել այս նույն հարցը ու չի ուղղվել նախկին կառավարություններին։ Ինչո՞ւ նրանց չեն ասել` գնացիք բանակցելու, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, դե հիմա ինչու հրաժարական չեք տալիս, ինչո՞ւ չկարողացաք ասոցացման համաձայնագիրը ստորագրել, ուրեմն հրաժարական տվեք», - ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը գերիների հարցը շահարկում է քաղաքական միավորներ ստանալու համար։

«Ընդդիմության կողմից դեռևս չի եղել մի քայլ, որ առնվազն չխանգարի գերիների վերադարձին։ Եվ այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հունվարի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ հայկական կողմից գերիների ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն տրվել, և արդյունքում փոխանակվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։