«Ձնամաքրումը որոշ հատվածներում էֆեկտիվ չէ». քաղաքապետարանում բողոքում են վարորդներից

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և աշխատակիցները առավոտվանից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում, սակայն որոշ ժամերի և որոշ հատվածներում մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Առատ տեղումների և երթևեկության խտության պատճառով Երևան քաղաքի որոշ հատվածներում ձնամաքրման աշխատանքները հնարավոր չէ արդյունավետ իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

«Այսօր առավոտվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 մեքենա ու մոտ 300 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում։ Բայց առատ տեղումների և երթևեկության խտության պատճառով Երևան քաղաքի որոշ հատվածներում ձնամաքրման աշխատանքներն այս պահին հնարավոր չէ էֆեկտիվ իրականացնել։ Մեքենաների հոսքը շատ է, որոշ անպատասխանատու վարորդներ ամառային անվադողերով են երթևեկում, խցանումներ ու վթարներ են ստեղծում, ու մեր մեքենաները չեն կարողանում ձնամաքրում անցկացնել»,–ասաց Կուբատյանը։

Նրա խոսքով` ձնամաքրման աշխատանքների համար կոնկրետ ժամացուցակ չկա, աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա` այնքան ժամանակ, որքան ձյուն է գալիս։

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան

«Այսօր առավոտվանից աշխատանքները սկսել են, ամբողջ օրը շարունակվելու են, ներառյալ` գիշերը։ Անգամ եթե գիշերը ձյունը կտրվի, հաստատ գործ կլինի անելու», – ասաց Կուբատյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ Facebook-ում գրել է, որ ձնամաքրման աշխատանքները կատարում են հիմնարկի 29 միավոր աղ ցանող և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 ինքնաթափ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:

Ձնահավաք մեքենաներ կա՞ն. քաղաքացիները բողոքում են, քաղաքապետարանը բացատրում է