«Այբ» կրթական հիմնադրամը դատարան է դիմել

Հիմնադրամում վստահ են, որ տարբեր մարմինների ճնշումները չեն տալու իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է հիմնադրամի հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։

««Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը պնդում է, որ «վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը»։

Առաքելյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց։ Մանրամասները չեն նշվում։

Շեշտվում է, որ իրավական գործընթացը նախաձեռնվում է՝ «հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները»։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Նշվում էր, որ քրգործը հարուցվել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես` ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։

«Դատախազությունը շտապում է». «Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է հարուցված քրգործին

Ի պատասխան դատախազության՝ հիմնադրամը հայտարարեց, թե «կարծում են, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված են՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»։

Հիշեցնենք, որ դեռ 2018-ին կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանային անվանել էր մարդ, որն ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։

Դրանից հետո «Արարատյան բակալավրիատի» համար ֆինանսական աուդիտ անցկացվեց։ Ամիսներ անց, սակայն, երբ ավարտվեց աուդիտը, որևէ չարաշահում այնտեղ չհայտնաբերվեց։