ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Պատերազմի օրերին 93 000-ից ավելի արցախցիներ են ժամանակավոր ապաստանել Հայաստանում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը։
«Վերջին 2,5 ամիսների ընթացքում մեր հիմնական խնդիրներ էին տեղահանվածներին կացարանով, տաք հագուստով, սնունդով ապահովելը, ինչպես նաև առողջապահական, երեխաների ուսման խնդիրները հոգալը։ Դրանք օպերատիվ կերով լուծումներ էին ստանում»,-ասաց Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ Արցախի կառավարության օպերատիվ շտաբը շուրջ 200 մլն դրամ է ուղղել արցախցիներին՝ տրամադրելով նրանց տարբեր տեսակի ֆինանսական օգնություն։
«Այդ գումարից շուրջ 54 մլն դրամն ուղղվել է մեր զոհված զինծառայողների թաղման ծախսերի մասնակի փոխհատուցմանը»,-ասաց նա։
Վիրաբյանի խոսքով՝ այսօր էլ արցախցիները շարունակում են վերադառնալ Արցախ։ Միակ խնդիրը բնակֆոնդի հարցն է, որի լուծումը գուցե 1-3 տարի տևի։
«Մեզ մոտ գրանցված շուրջ 50 ընտանիքներ կան, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ և բնակվել հայկական տիրապետության տակ մնացած տարածքներում։ 7 ընտանիքիներ արդեն իսկ վերադարձել են Ասկերանի շրջանի Բադարա գյուղ։ Այդ ընտանիքիներին տրամադրվել են վերանորոգված տներ և համապատասխան գույք»,- ասաց Վիրաբյանը։
Նա հավելեց, որ Երևանից Արցախ անվճար գործող ավտոբուսները կշարունակեն գործել այնքան ժամանակ, քանի դեռ դրանց անհրաժեշտություն կա։
Արցախում կրկին կգործի արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը
Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումից մինչ օրս ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։