Հանգուցյալ պապի «Կալաշնիկովից» մինչև «Կարաբին» և «ՏՕԶ». ոստիկանության աշխատանքի պտուղները

Պատերազմն ավարտվել է, բայց ոմանք Արցախից Հայաստան «ձեռնունայն» չեն վերադարձել՝ իրենց հետ բերելով նաև զենք-զինամթերք։
Sputnik

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Եղեգնաձորում բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։

Գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ... ԱԱԾ-ն առգրավել է ապօրինի զենք-զինամթերք

Բավականին «հարուստ արդյունքներ» են ստացվել Գեղարքունիքի մարզում։ Օրինակ` Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։ Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է` մինչև հունվարի 10-ը պետք է հանձնել ստացած զենք–զինամթերքը

Ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնվել նաև Արարատի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։

Մայրաքաղաքում նույնիսկ մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։

Ոստիկանությունը հանձնված զենք-զինամթերքի մասին տեսանյութ է հրապարակել և հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Արցախի պատերազմին կամավոր մեկնածները յուրացրել ու փորձել են վաճառել զենքեր. տեսանյութ