Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար։ Չնայած պատերազմն ավարտվել է, բայց «Տաք գուլպաներ զինվորի համար» ծրագիրը բերդավանցի կանայք մտադիր են շարունակել։
Sputnik

Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։

Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։

Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։

«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։

Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։

Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան