ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Անեսթեզիոլոգ Ալեքսանդր Կալմիկովը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի եթերում վստահեցրել է, որ վիրաբուժական միջամտությունից առաջ ի հայտ եկող վախերը հաճախ անհիմն են լինում։
«Անզգայացումը նման է ինքնաթիռի թռիչքին` որոշակի բարձրություն ենք հավաքում, միացնում ենք ավտոպիլոտը։ Սարքերը վերահսկում են անզգայացման խորությունը, այսինքն` ինհալացիոն կամ ներերակային անզգայացնող միջոցների կոնցենտրացիան: Հիվանդը չի կարող արթնանալ, եթե բժիշկը չուզենա դա», - ասել է Կալմիկովը։
Նա նաև նշել է, որ ընդհանուր անզգայացման կիրառումը վտանգավոր չի համարվում. անզգայացման պատճառով մահանալու վտանգ կարող է լինել 200 հազար պլանային վիրահատություններից մեկի ժամանակ:
Բացի այդ, շատ հիվանդներ, չգիտես ինչու, կարծում են, որ անզգայացումը կարող է կրճատել կյանքի տևողությունը:
«Անզգայացումը չի կարող կրճատել կյանքի տևողությունը։ Դա ավելի շուտ առասպել է, քան հաստատված փաստ», - ընդգծել է բժիշկը։
Կալմիկովը հավելել է, որ ընդհանուր անզգայացման պատրաստուկները հատուկ չեն, և բժիշկները դրանք օգտագործում են նաև այլ նպատակներով։