Բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնողը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ մեկ շաբաթից ևս մեկ անգամ հանդիպել և քննարկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ժամկետային զինծառայողների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց։ Հիշեցնենք՝ ծնողները պահանջում են, որ Արցախում պարտադիր զինվորական ծառայություն անցնող իրենց զավակները Հայաստան վերադարձվեն և այստեղ շարունակեն ծառայությունը։

Ծնողները շարունակում են պահանջել, որ իրենց զավակներն Արցախից Հայաստան վերադարձվեն

Վարչապետը համաձայնել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ, լսել նրանց բողոքն ու պահանջը։

«Նախ պետք է արձանագրենք, որ վարչապետը գնաց ընդառաջ և հանդիպեց մեզ հետ՝ կարևորելով հարցի լրջությունը և ցանկություն հայտնելով լսել մեր բարձրաձայնած խնդիրները։ Այնպես չէ, որ այդ խնդիրների մասին իրենք տեղյակ չեն, պարզապես նաև ուզում էր լսել մեր դիրքորոշումները»,- նշում է զինծառայողներից մեկի ծնող Սուրեն Ջուլհակյանը։

Ընդգծում է՝ հանդիպման արդյունքներով բավարարված չեն, որովհետև իրենց կողմից բարձրաձայնված հարցերի պատասխանները դեռ չկան։

Նրա խոսքով՝ համաձայնության են եկել ևս մեկ անգամ հանդիպելու առաջիկայում՝ ծնողների բարձրաձայնած հարցերի պատասխանները ստանալու համար։

Ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո։

«Ճանապարհը ո՞նց դարձավ անվտանգ». զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում