Արգելվել է սև և գունավոր մետաղի թափոնների, մի շարք արտադրանքների արտահանումը. ՊԵԿ

Որոշումն ուժի մեջ է մտնում մի քանի օրից, իսկ արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում շուրջ 20 տոկոս անկում կա. Վահան Քերոբյան

«ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Դրանից հետո մաքսային մարմիններն իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ որոշման դրույթների պահպանման նկատմամբ։