Վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը ՀՀ–ում. Թորոսյանն այցելել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Արսեն Թորոսյանը նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որտեղ մատուցվում են տարաբնույթ ծառայություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման նոր բաժանմունք է բացվել` 40 մահճակալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է բաժանմունքի բացման արարողությանը։

Վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը ՀՀ–ում. Թորոսյանն այցելել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ընդհանուր առմամբ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում արդեն իսկ 120 մահճակալ կա։ Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում: Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց։

Վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը ՀՀ–ում. Թորոսյանն այցելել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը:

Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն:

Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է ԲԿ–ի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:

Վիրավոր զինծառայողների բուժման համար նոր վերականգնողական կենտրոն է անհրաժեշտ. Թորոսյան