ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը։
Ֆիդանյանի խոսքով` փոփոխություններն անհրաժեշտ են վարորդների համար տուգանային միավորների համակարգի արդյունավետ կիրառման և ճանապարհային երթևեկության հնարավոր խախտումների կանխարգելման համար։
«Օրինագծի ընդունումից հետո պարեկապահակային ծառայության աշխատակիցների կողմից արձանագրված խախտումների համար տուգանային միավորների կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը», - ասաց Ֆիդանյանը:
Մինչ այդ տուգանային միավորները կհանվեն միայն տեսախցիկների արձանագրած խախտումների համար։
Ֆիդանյանի կարծիքով` ՃՏՊ-ների առիթ շատ հաճախ դառնում է վարորդի` հեռախոսով խոսելը կամ անգամ ծխելը։
«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վարորդի ծխելու պատճառով վթարներ են տեղի ունենում, երբեմն ՝ ծանր հետևանքներով»,-նշեց Ֆիդանյանը։
Ռուսաստանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։ Համաձայն համակարգի` Հայաստանում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։