«Նոր միջոցառումներ ներկայացնել». փոխվարչապետն Արցախի հարցով նիստ է վարել

Նիստի արդյունքներով` Մհեր Գրիգորյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարել է նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել` Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով։ Գրիգորյանը նման հանձնարարություն է տվել կառավարությունում կայացած Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ։

«Նիստի սկզբում Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նիստի արդյունքներով Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին։
Մհեր Գրիգորյանը նախագահում է նաև Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խումբը։

Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։