Չաշխատող մայրերին նպաստ նշանակելու կարգը հեշտացվել է

Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել և հայտնել, որ այսուհետ չաշխատող անձին մայրության նպաստ կտրամադրվի լրամշակված կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` Facebook սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ։

«Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։ Կատարված փոփոխությունների արդյունքում ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»,–գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Պատերազմը սոցիալական խնդիր չի առաջացնի. արցախցիները նպաստներից չեն զրկվի