Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ է լսվել. ծնվել է Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը

Ոստիկանության զոհված սերժանտ Սերյոժա Վիրաբյանը պատերազմը սկսվելուն պես մեկնել է Լոռի՝ մարտական պատրաստություն անցնելու։ Նա զոհվել է հոկտեմբերի 4-ին։
Sputnik

Ոստիկանությունը ռեպորտաժ է ներկայացրել, որը պատմում է ոստիկանության զոհված սերժանտ Սերյոժա Վիրաբյանի մասին։

Սերյոժա Վիրաբյանը ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայող էր։ ՀՀ զինված ուժերում հետախույզ էր եղել, տիրապետում էր մի քանի զինատեսակների, զբաղվում էր մարտարվեստով։ Մեկ տարի առաջ էր ամուսնացել։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

«Սերյոժան ՊՊԾ դասակի հարվածային ուժերից մեկն էր, ամեն միջոցառման գնում էր։ Հետախույզների, հանցագործների հայտնաբերման կամ այլ վտանգավոր միջոցառումներին նրան միշտ ընդգրկում էինք, քանի որ լավ էր կողմնորոշվում նման իրավիճակներում: Ես նրան ընդունել եմ որպես իմ երեխա»,–ասում է ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։

Պատերազմը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ծառայակից ընկերների հետ Սերյոժան մեկնել է Լոռու մարզ՝ մարտական պատրաստություն անցնելու։ Օրեր անց արդեն Արցախում էր. նա անմահացել է հոկտեմբերի 4-ին։

«Նրա ջոկի հրամանատարն եմ եղել, մի քանի տարում դարձել էինք հարազատ եղբայրներ: Պայթյունը եղավ, ու էլ չեմ տեսել Սերյոժային…»,-ասում է ընկերը՝ Արարատ Մինասյանը։

Սերյոժայի հայրը՝ Սմբատ Վիրաբյանը, հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ազատամարտիկներից է։ Մասնակցել է Տավուշի մարզի սահմանների պաշտպանական մարտերին

Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ լսվեց. ծնվել է Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը։