Ռուսաստանի հումանիտար օգնության շնորհիվ Արցախում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել

Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ շարունակում են ստուգել կացարանների ֆոնդն ու սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Արցախում Ռուսաստանից որպես հումանիտար օգնություն բերված շինանյութերի կիրառմամբ ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել։ ՌԴ ԱԻՆ կայքում նշված է, որ ավելի քան 450 օբյեկտի վերականգնման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են։

Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4

Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ շարունակում են ստուգել կացարանների ֆոնդն ու սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները։

Երեկ` հունվարի 13–ին, գերատեսչության մասնագետներն այցելել են տասը օբյեկտ, որոնցում աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքին մասնակցում են ավելի 90 տեղական շինարարական ընկերություն, որոնցից ավելի քան 50-ը՝ Ստեփանակերտում։

Նշենք, ոչ Ադրբեջանի կողմից մասսայական հրետակոծության ու հրթիռակոծության հետևանքով Արցախում բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են ավերվել կամ մասամբ վնասվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են