ՌԱԴԻՈ

Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության քայլին, որով գործադիր մարմինը հավանություն է տվել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին։
Sputnik
Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան

Գևորգ Կոստանյանի համոզմամբ` հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը զրո նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով` հիմք ընդունելով երկու կարևոր հանգամանք։

Առաջին` աշխարհի բոլոր զարգացած եվրոպական (և ոչ միայն) երկրներում, որոնք հաջողությամբ պայքարել են կոռուպցիայի դեմ, դրանցում կոռուպցիոն գործեր քննող առանձին դատարաններ չեն եղել։ Ըստ նրա` նույնիսկ Սինգապուրը, որը կոռուպցիայի դեմ պայքարող ամենաարդյունավետ երկիրն է, հակակոռուպցիոն դատարան չունի։

Կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննություն կլինի. Բադասյանը` 2 նոր դատարանների մասին

Կոստանյանի գնահատմամբ` այս հանգամանքն ինքնին խոսում է այն մասին, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը չի ազդում կոռուպցիոն հանցագործությունների նվազման և հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման վրա։

«Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ եթե գնում են նման քայլի այն նկատառությամբ, որ ստեղծեն հակակոռուպցիոն դատարան, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրանա, ապա դա էլ քրեական իրավունքի տեսակետից ունի զրո տրամաբանություն, որովհետև նույն սկզբունքից ելնելով` պետք է ստեղծել տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ դատարան, որովհետև տրանսպորտային հանցագործությունների ու տրանսպորտային պատահարների թիվն է ավելացել, ամուսնաընտանեկան գործերով դատարան, որովհետև ապահարզանների քանակն է ավելացել, երեխաների դեմ կատարվող հանցագործությունների քննության դատարան, որովհետև ավելացել են երեխաների դեմ հանցագործությունները»,– նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Կոստանյանի կարծիքով` հանցավորության դեմ պայքարն ունի իր սկզբունքներն ու մեթոդները, եթե անգամ ստեղծվի երեսուն դատարան կամ քառասուն մասնագիտացված մարմին՝ եթե չկա կոռուպցիայի, այդ հանցատեսակի դեմ պայքարի հիմքը, նախաձեռնությունը կունենա զրո նշանակություն, հետևաբար հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում։ 

«Բարգավաճ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան