ՌԱԴԻՈ

Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Արցախի հետագա համագործակցությանը և տնտեսական ներուժի վերականգնման հեռանկարին։ 
Sputnik
Տարածաշրջանում եռակողմ համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` Հայաստանի և Արցախի միջև համագործակցության հետագա հիմքերը պետք է դրվեն ռազմավարական դաշինք կնքելու միջոցով, ինչը թույլ կտա բոլոր խնդիրները կարգավորել, կառավարել, ներառել այդ դաշինքի շրջանակներում, քանի որ այս պահին հստակ չէ, թե Հայաստանն ինչ պարտավորություններ ունի Արցախի հանդեպ ու հակառակը, այսինքն` համագործակցությունը պետք է որոշակի փաստաթղթային տեսք ստանա, և անկախ տվյալ պահի իշխանության ցանկությունից, աշխարհայացքից, քայլերից` այդ պարտավորությունները չպետք է անտեսվեն, հետևաբար Հայաստանն այդ առումով շատ անելիք ունի։

Արցախի տնտեսության ազդեցությունը ՀՀ–ի վրա էական էր, հիմա դա չունենք. Վահագն Խաչատրյան

«Հայաստանը նախևառաջ պարտավոր է ապահովել Արցախի անվտանգությունը։ Վերջինս իր հերթին երեսուն տարի շարունակ ապահովել է Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը։ Մենք դա չէինք հասկանում ամբողջ ծավալով, իսկ այժմ, երբ ադրբեջանական զորքերը շատ են մոտեցել Սյունիքին, ոչ միայն տեղաբնակները, այլև Հայաստանի ամբողջ ժողովուրդն արդեն պետք է ճիշտ գնահատի վտանգը և Արցախի հետ հարաբերությունները կառուցի ի շահ Հայաստանի անվտանգության ու Արցախի հզորացման»,– նշեց տնտեսագետը։

Պարսյանի համոզմամբ` ամեն ինչ կորած չէ, մենք ունենք հնարավորություններ` վերականգնելու մեր կորցրածը, իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով` տնտեսական, ռազմական, սոցիալական, և բացի այդ պետք է նաև ձևավորել նոր թիմ, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ։

«Արցախի տնտեսական պոտենցիալը վերականգնելու համար միայն Հայաստանի ջանքերը բավարար չեն։ Այստեղ պետք է համագործակցել, բանակցել նաև ռուսական կողմի հետ, որն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում, մասնավորապես` Արցախում։ Ռուս զինվորները, նրանց ընտանիքների անդամները, որոնք ապրելու են տարածաշրջանում, պետք է ունենան համապատասխան ենթակառուցվածքներ, օբյեկտներ, որոնք կսպասարկեն իրենց, հետևաբար այստեղ եռակողմ բանակցությունների ու համագործակցության դաշտ է բացվում` Հայաստան–Ռուսաստան–Արցախ, և լուրջ շինարարական, ենթակառուցվածքային ծրագրեր պետք է իրականացվեն»,– նշեց տնտեսագետը։

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը

Պարսյանի կարծիքով` ռուսական կողմն իր հերթին պետք է շահագրգռված լինի, որ Արցախի բնակիչներն ունենան աշխատանք, մնան իրենց հայրենիքում, իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել նրանց անվտանգությունը։ Այսինքն` կան փոխադարձ հետաքրքրություններ, և կողմերից յուրաքանչյուրը պետք է հստակ դերակատարում ունենա, աշխատանքի բաժանում պետք է կատարվի։