Վահե Դավթյանի տեղեկացմամբ` Արցախում գործում էր 36 ՀԷԿ, որոնցից երեսունը տարածքային «փոխակերպումների» արդյունքում անցան թշնամուն, մնաց վեցը, որոնցից ամենաառանցքայինը Սարսանգի ՀԷԿ–ն է 50 ՄԳՎտ/Ժ հզորությամբ, մնացածներն ունեն համեմատաբար փոքր հզորություններ։
«Արցախի Հանրապետությունը խոշոր հաշվով վերջին տարիներին դրսևորում էր զարգացման փայլուն դինամիկա` էլեկտրաէներգիայի ոլորտում հասնելով բացարձակ ինքնաբավության, և նույնիսկ 2018 թվականից սկսել էր էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնել։ Չլինելով ճանաչված պետություն` Արցախն իհարկե չէր կարող ուղղակի առևտրատնտեսական կապերի մեջ մտնել երրորդ պետությունների հետ, ուստի ընդհանուր ռազմավարությունը կայանում էր նրանում, որ հետզհետե ավելացներ Արցախից Հայաստան ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալները` ապագայում հյուսիս–հարավ էներգետիկ միջանցքով այդ էլեկտրաէներգիան արտաքին շուկաներ, մասնավորապես Վրաստան և Իրան արտահանելու նպատակադրությամբ»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Դավթյանի դիտարկմամբ` այժմ ակնհայտ է, որ Արցախը, որն ունակ էր մինչև պատերազմը տարեկան արտադրել 800-850 միլիոն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա, արդեն կորցրել է այդ ռեսուրսը և որևէ արտահանման ռազմավարության մասին խոսք լինել չի կարող, ճիշտ հակառակը` այժմ Արցախն է կախված Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալներից։ Փորձագետը հիշեցրեց, որ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, և սակագնային այն թանկացումը, որին սպասում ենք փետրվարի 1-ից, նաև հետևանքն է այն իրողության, որ Արցախը պատերազմի արդյունքում էներգետիկ ռեսուրսներ է կորցրել։
Արցախի տնտեսության ազդեցությունը ՀՀ–ի վրա էական էր, հիմա դա չունենք. Վահագն Խաչատրյան
«Մյուս կողմից մեր ատոմակայանն այս տարի գեներացնելու է շուրջ 560 միլիոն ԿՎտ/ժ–ով պակաս էլեկտրաէներգիա, ինչին գումարվում է 2020թ.–ի ամռանը գազի սակագների բարձրացումը հատկապես 10 հազար խ/մ սպառողների համար, որոնց թվին են դասվում նաև ՋԷԿ–երը, հետևաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն այլևս դառնում է անկառավարելի»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Դավթյանի դիտարկմամբ` նախատեսված էր, որ ատոմակայանի մոդեռնիզացման արդյունքում նրա ՕԳԳ–ն կբարձրանա և կարտադրի մոտ 600 միլիոն ԿՎտ/Ժ–ով ավելի էլեկտրաէներգիա, ինչը միջնաժամկետ կտրվածքով թերևս կարող է կանխել սակագնային կտրուկ աճը, սակայն երկարաժամկետ կտրվածքի պարագայում տեսնում ենք, որ ՀՀ–ում ատոմային էներգետիկայի զարգացումը հայտնվել է մեծ հարցականի տակ, որովհետև հայկական կողմը հրաժարվել է ռուսական վարկի մնացորդից և խզելով ՌԴ–ի հետ ժամանակին կնքված միջպետական պայմանագիրը` էապես վնասել է հայ–ռուսական էներգետիկ երկխոսությանը։
Փորձագետի կարծիքով` ՀՀ միջուկային էներգետիկայի ոլորտից Ռուսաստանի դուրս գալը մեծ հարցականի տակ է դնում 2026 թվականից հետո նոր բլոկի կառուցման հավանականությունը, և այդ հարցը տեղ չի գտնում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական և էներգետիկ օրակարգում։