Եթե Ռուսաստանի օգնությունը չլիներ, շատ վատ հետևանքներ կունենայինք. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը նշում է` թյուր է տպավորությունը, թե մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եթե պատերազմի ժամանակ Ռուսաստանից օգնությունը չլիներ, շատ վատ հետևանքներ կունենայինք։ Երեկ «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

ԱԱԾ նախկին ղեկավարը նշում է` թյուր է տպավորությունը, թե մենք մենակ ենք մնացել. հարևան երկրներից Վրաստանն ու Իրանը, հատկապես Ռուսաստանը հայ ժողովրդին, Հայաստանը սիրում և գնահատում են։ Դա, ըստ նրա, պայմանավորված չէ ո՛չ Փաշինյանով, ո՛չ նախկին նախագահներով` այդ երկրներում լավ գիտեն, որ հայերը արարող ժողովուրդ են և վտանգ չեն ներկայացնում։ 

«Այն, ինչ արեց մեզ համար Ռուսաստանը, հայերը, լինեն նրանք ԱՄՆ-ում, Ավստրալիայում, թե Եվրոպայում, երբեք չպետք է մոռանան։ Սա ասում եմ որպես գործից տեղյակ մարդ։ Ինչ վերաբերում է Վրաստանին և Իրանին, այդ երկրները ցուցաբերել են ճիշտ և հավասարակշռված վերաբերմունք։ Չմոռանամ նշել նաև Ֆրանսիայի մասին»,–ասել է Համբարձումյանը։

Նա հավելել է, թե կան բաներ, որ չի կարող բացահայտել, բայց հավաստիացնում է, որ Հայաստանի հանդեպ եղել է հավասարակշռված և դրական մոտեցում։

Հիշեցնենք` պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն խնդրել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Փաշինյանի նամակին, հայտարարել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

Իրավիճակը փոխվեց, սակայն, նոյեմբերի 9-ին։

«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

2021–ի հունվարի 11–ին Մոսկվայում կայացած եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման ժամանակ ԼՂ զարգացման թեմայով նոր հայտարարություն ընդունվեց։