ԱՀ կառավարությունը սկսում է տուժած ընտանիքներին տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Մանե Թանդիլյանի խոսքով` բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Արցախ է վերադարձել 48 694 տեղահանված բնակիչ

«Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության»,–նշել է Թանդիլյանը։

Նրա խոսքով`բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Դիմումները կարող են ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն): Որպես դիմումի վերնագիր պետք է գրել՝ «Բնակելի տան դիմում», նշելով հետևյալ տեղեկությունները՝

• ընտանիքի անդամների քանակը, կազմը,
• ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
• նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
• այլ տեղեկություն

Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

Դիմումները կարող են ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։