Ադրբեջանցիների վայրագություններն Առաքել գյուղում. Նաղդալյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանցիները շարունակում են վանդալիզմը` իրենց տիրապետության տակ անցած բնակավայրերում ոչնչացնելով հայկական մշակութային արժեքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik.Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում ադրբեջանցիները պղծում են հայկական մշակութային արժեքները։ Այս անգամ տեսանյութը Արցախի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Առաքել գյուղից է։ Կադրերում երևում է` ինչպես են ադրբեջանցիները կոտրում խաչքարը։

«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը», – մակագրել է տեսանյութը Նաղդալյանը։

Հայ օգտատերերին բարկացրել է այս փաստը.

««ՅՈւՆԵՍԿՕ, հրավիրում ենք ձեր ուշադրությունը», «Վանդալները մնում են վանդալներ», «Նրանք շարունակում են պատերազմական հանցագործություններ կատարել»»,–գրում են նրանք։

​Նշենք, որ սոցցանցերում տարբեր ժամանակներում հայտնվել են Արցախի հայկական հուշարձանների պղծման փաստեր։ Այսպես` ադրբեջանցիները պայթեցրել էին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում, ադրբեջաներեն գրառումներ արել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատերին, քանդել գերեզմաններ հայկական գյուղերում և այլն։

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի մաս համարվող Հադրութի շրջանը և Ասկերանի ու Մարտունու որոշ գյուղեր։ Համաձայն հայտարարության` կողմերի տիրապետության տակ են անցնում այն տարածքները, որոնք գրավված են եղել պատերազմի ժամանակ։