ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ քրգործի նախաքննությունը կասեցվել է

Քննչական կոմիտեից ներկայացրել են ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան վերաբերյալ քրեական գործի նախաքննության կասեցման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ինչ պետք է արվեր` արվել է. Փաշինյանը խոսեց Կուտոյանի մահվան մասին

«Քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)»,– ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք` 2020–ի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Հարուցվել էր քրեական գործը Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ինքնասպանության հասցնելը)։

Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ ՀՀ ԱԱԾ–ն նա ղեկավարել էր 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի եղել. ՔԿ