Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը չի ուժեղացրել հսկողությունը

Ընդհանուր առմամբ, հանրահավաքը ընթանում է առանց միջադեպերի։ Հավաքվածներին դեսպանատան աշխատակիցները նախազգուշացրել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն աշխատում է բնականոն ռեժիմով, և կարիք չի եղել դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ուժեղացնել հսկողությունը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից։

«Ինքը մեր հայրենիքն է ծախել». հայ համայնքը ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անում

«Կարիք չի եղել դեսպանատան մոտ ոստիկանական ուժերի ավելացման, մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է առանց միջադեպերի», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչության մոտ քիչ թվով մարդիկ են հավաքվել, որոնց դեսպանատան աշխատակիցները նախազգուշացրել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մասին։

«Ակնկալում ենք, որ շուտով ամեն ինչ կավարտվի», - հավելել է դեսպանատան ներկայացուցիչը:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպված։

Հիշեցնենք` այս պահին Մոսկվայում ընթանում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։