Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում կարվի

Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիներին հայտնել է, որ պարզաբանումների համար կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik.Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներ են կատարելու Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Մասնավորապես՝ այսօր օրվա ընթացքում նախատեսվում է հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Շտաբը տեղեկացնում է նաև, որ պարզաբանումների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Նշենք, որ համաձայն ՌԴ ՊՆ վերջին տվյալների՝ նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 087 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը