Գտնվելով մայրաքաղաք Ստեփանակերտում`հիմա արդեն դժվար է ասել, որ ընդամենը երկու ամիս առաջ քաղաքում մնացածները զինվորականների հետ միասին պատրաստ էին փողոցային մարտերի, իսկ դատարկված քաղաքի վրա ռումբեր էին ընկնում։
«Մեր քաղաքը հիմա անճանաչելի է։ Ամեն ինչ աշխատում է․ սրճարանները, ռեստորանները, շուկան։ Ես արդեն երկրորդ անգամ այն չեմ ճանաչում։ Առաջին անգամ՝ երբ պատերազմը նոր էր սկսվել, երկրորդ անգամ՝ հիմա։ Շատերը վերադարձել են։ Շատ արցախցիներ կան այստեղ Ադրբեջանին հանձնած քաղաքներից ու գյուղերից։ Բայց, փառք Աստծո, հիմա պատերազմ չկա, չեն կրակում»,-ՌԻԱ Նովոստիին ասաց Ստեփանակերտի բնակչուհին։
Ստեփանակերտի ճանապարհներին զինվորական բեռնատարներին փոխարինելու են եկել ավտոբուսներն ու մարդատար մեքենաները։ Վերականգնվել են ուղևորափոխադրումները, քաղաքում սկսել է աշխատել տաքսի ծառայությունը։ Ամեն առավոտ կանգառները մարդկանցով են լի են, քաղաքացիները շտապում են աշխատանքի։ Իսկ մարտական գործողության պատրաստվող հետախույզների փոխարեն հիմա ուսապարկով դպրոցականներն են դասի շտապում։
Պատերազմական կոմայից դուրս եկած քաղաքում առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծում արևոտ առավոտը։ Հունվարի սկզբից մինչև հիմա ջերմաստիճանը +5–ից ցածր չի եղել, իսկ ցերեկը գրեթե միշտ շողում է արևը՝ օդը հաճելիորեն տաքացնելով մինչև 11-13 աստիճան։
Ղարաբաղի բոլոր բնակիչները, որոնց հետ հաջողվեց շփվել, միակարծիք են մի հարցում․տարածաշրջանում խաղաղությունը հաստատվել է ոչ միայն քաղաքական որոշումների, այլև ռուսական խաղաղապահ զորակազմի շնորհիվ։
«Քանի՞ անգամ են փորձել զինադադար կնքել։ Չէր ստացվում։ Եվ փաստաթղթեր էին ստորագրում, և քննարկում էին, իսկ պատերազմը կար ու կար։ Քաղաքական գործիչները մի բան էին ասում, բայց ուրիշ բան էր կատարվում։ Հենց որ հասկանալի դարձավ, որ խաղաղապահները գալու են, իսկույն ավելի հանգիստ դարձավ։ Հիմա նույնիսկ հավատս չի գալիս, որ կարող ենք հանգիստ անցնել ադրբեջանցիների կողքով։ Եթե ռուս զինվորները չլինեին, այդպես չէր լինի»,-ասում է Ստեփանակերտի բնակիչը։
Ռուս զինվորների նկատմամբ տեղի բնակչության վերաբերմունքն առանձին ուշադրության է արժանի։ Արցախցի վարորդի համար ծանոթին ավտոմեքենայի ազդանշանով բարևերը սովորական բան է։ Բայց եթե փողոցով Ռուսաստանի Զինված ուժերի մեքենա է անցնում, ապա այդպիսի ողջույններ հնչում են ամեն երկրորդ մեքենայից։
Անչափ սրտառուչ ու անկեղծ է հնչում նաև խաղաղապահներին ասվող «շնորհակալությունը» Ղարաբաղի լեռնային ճանապարհներին տեղակայված դիրքերում։ Շատ հուզիչ է, երբ կրտսեր դպրոցականները զինվորական մեքենայի բաց դռան ուղղությամբ խմբով գոռում են «здравствуйте» և ձեռքով անում։ Իսկ երբ զինվորները պատասխանում են նրանց, երեխաներն ավելի լայն են ժպտում։
Ստեփանակերտից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքով անցնելիս ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տեսել է, թե ինչպես վեց աշակերտ, նկատելով ռուսական զորքերի շարասյունը, շարվել են ճանապարհի եզրին ու զինվորական ողջույն տվել։
Մութն ընկնելուն պես մեծ քաղաքի աղմուկը լռում է, վառվում են սրճարանների և ռեստորանների ցուցափեղկերի լույսերը, աստղազարդ գիշերն իջնում է Ստեփանակերտի վրա։ Կովկասյան ավանդական խորովածի բույրը, որը ցերեկն էլ էր զգացվում, երեկոյան գերակշռող է դառնում։
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել
«Երեկոյան այստեղ լավ է, խաղաղ է։ Առաջ այդպես չէր։ Լեռներում կրակում են։ Այստեղ էլ մի երկու անգամ ընկել է։ Դպրոցի վրա և ինչ-որ տեղ մոտակայքում։ Այն կողմում, այստեղից 500-600 մետր հեռու, այնտեղ դիրքեր էին։ Իսկ հիմա գետն է աղմկում, գիշերները բորենիներն են ոռնում»,-ասում է Ստեփանակերտի շրջանի գյուղերից մեկի բնակիչը։
Լեռնային ճանապարհներով շարժվելն անվտանգ է դարձել։ Գիշերը լավ երևում են ավտոմեքենաների լուսարձակները, որոնք պարուրում են լեռների սև ուրվագծերը։ Ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից առաջ տեղի բնակիչները գիշերը ճանապարհին շատ էին վախենում դիվերսանտներից, հաճախակի հրետանակոծություններն էլ հնարավորություն չէին տալիս հանգիստ շարժվել մայրուղիներով։
Մարտական գործողություններն իրենց շտկումներն են մտցրել ոչ միայն մադկանց առօրյայում, այլև տեղական մանր բիզնեսում։ Ստեփանակերտի ռմբակոծությունների ժամանակ պայթյունները բազմաթիվ խանութներ են վնասել։ Բնակիչներից ոմանք որոշել են չվերադառնալ և վաճառել գործը, մյուսներն էլ փորձում են փոխել գործունեության ոլորտը։ Այսպես, երեկվա գեղեցկության սրահը մթերային խանութի է վերածվում, հագուստի խանութը՝ բանջարեղենի պահեստի։
«Վաճառում ենք ապրանքը։ Այստեղ մթերային խանութ է լինելու։ Բեկորները շատ վնաս են տվել։ Կողքին արկ է պայթել, ցուցափեղկը փշրել է։ Մի բան փչացել է, մի բան՝ կոտրվել։ Ամեն ինչ նույն գնով ենք վաճառում։ Որոշ բաներ էլ ուղղակի նվիրում ենք։ Ընտրեք»,-ասում է խաղալիքների խանութի վաճառողը։
Ցուցափեղկերը լցված են խաղալիքների արկղերով, որոնց վրա երևում են հրետանային բեկորների հետքերը։ Մահաբեր մետաղը ծակել-անցել է դիպուկահարի պլաստիկե հրացանի տուփի միջով։ Հեռակառավարվող տանկը փոշու մեջ կորած է՝ քանդված պատի պատճառով, մարտական ռոբոտը վնասվածք ունի՝ նույնպես բեկորից։ Հատկապես աչքի են զարնում բեկորներից մաղի պես ծակծկված փափուկ խաղալիքները։ Հիմա դրանք ավելի շատ պատերազմական մանկության խորհրդանիշի են նման։
Առաջին հայացքից թվում է, թե խաղաղ կյանքը վերջնականապես վերադարձել է Ղարաբաղ․խանութների ցուցափեղկերը լուսավորվել են, ծխում են խորովածանոցների մանղալները, իսկ փողոցները կրկին աղմկոտ են դարձել։ Բայց ուշադիր նայելու դեպքում երևում է, որ արդեն անցած պատերազմը բազմաթիվ հետքեր է թողել երբեմնի առույգ ու կենսախինդ ժողովրդի վրա։
Քանդված տներին ու սոցիալական խնդիրներին ավելանում են պայթյունավտանգ առարկաներով պատված տասնյակ հեկտար հողերը։ Ռուս սակրավորներն օրական մոտ հազար նմանատիպ գտածո են ոչնչացնում, իսկ մաքրման տեղական խմբերին ականներն ու արկերը կհերիքեն մոտակա մի քանի տասնյակ տարվա ընթացքում։
Ամանորի կապակցությամբ խաղաղապահները նվերներ են տվել Ստեփանակերտի 2 դպրոցների աշակերտներին
Ինչպե՞ս տարածաշրջանը դուրս կգա ճգնաժամից, և արդյո՞ք մարդիկ կկարողանան խուսափել հերթական պատերազմից՝ ցույց կտա ժամանակը։ Հիմա ինքնաձիգով զինվորին փոխարինելու են եկել մարդասիրական կազմակերպություններն ու ականզերծող խմբերը։