ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ կձևավորվի եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, ինչպես նաև տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով: Կրեմլում մեկնարկած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս մասին ասաց ՌԴ նախագահը։
«Կարծում եմ` այսօր կարևոր կլիներ նախ նշել հետագա քայլերը` ուղղված կարգավորման առանցքային ուղղություններին, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ խաղաղապահ զորակազմի գործունեության, սահմանագծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության պահպանության հետ կապված հարցերը, - ասաց Պուտինը։
Պուտինը հույս հայտնեց, որ այսօրվա բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և շարունակական սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Այդ հարցում բոլորը շահագրգռված են։
Հիշեցնենք` Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մեկնարկել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումը։
2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են